Աշխարհի ստեղծման առասպելի և հայոց հնագույն էպոա «Ծովինարի» մասին` որպես հաղորդագրություն

Ընթերցողին անհարկի ենթադրություններից, մանավանդ պիտակավորումներից ազատ պահելու ցանկությամբ, ուզում եմ նախապես ասել, որ մի նոր Աստվածաշունչ հորինելու նպատակ, նաև Ս. Գիրքը վերաքննելու միտում չունեմ, ինչպես որ շատերն ապարդյուն ձևով փորձել են աշխարհում: Առավել ևս՝ ուզում եմ կրկնել, թե ի՜նչ ահռելի կորուստ կլիներ աշխարհի և մարդկության պատմության համար, եթե Ալեքսանդրիայի հնագույն և չափազանց հարուստ գրադարանի չարաբաստիկ հրդեհից, որի մեջ, ո՞վ գիտե, թե ինչ թանկագին պատմություններ, հիշատակներ, գանձեր պարունակող գրքեր են այրվել, չփրկվեր նաև գոնե այս մեկը, ըստ էության միակը, որի հարստությունն անսպառ է՝ ինչ տարբեր նպատակներով էլ ընթերցես ու վերընթերցես:

Այդուհանդերձ, Ս. Գրքի պատմություններին հարազատորեն հետամուտ լինելու բուռն փափագ առաջացավ իմ մեջ, երբ Հայոց հնագույն, վաղնջական ժամանակների էպոսը, որպիսին գոյություն է ունեցել ըստ պատմագիտական անվերապահ տեղեկությունների, ինչպես նաև այդ էպոսից պահպանված պատառիկների,-ահա, այդ էպոսը վերականգնելու երկարամյա ցանկությունս իրագործելու դժվարին գործին ձեռնարկեցի: Այո՛, կան այդ հնագույն էպոսի պատառիկները հիգերորդ դարի պատմիչ Մովսես Խորենացու Հայոց Պատմություն գրքում, որին ծանոթ են, քննել և հաստատում են հայ և աշխարհի մեծահամբավ գիտնականները, բայց միայն պատառիկներով էպոսի նախնական կառույցը հարազատորեն վերականգնելը անհնարին է, եթե չես գտել ՍԿԻԶԲԸ, որ տվյալ դեպքում կառույցի հիմքը պետք է համարել:

Ահա, այդ ՍԿԻԶԲԸ գտնելու համար ես առանձնացրել եմ աշխարհին լայնորեն հայտնի երեք հիմնական աղբյուր: Դրանք են՝ Մովսես Խորենացու Հայոց Պատմությունը, Աստվածաշունչը և Սասնա Ծռեր, կամ Սասունցի Դավիթ նորագույն ժամանակների Հայոց էպոսը, մասնավորապես որի մեջ ցաք ու ցրիվ կան հնագույն էպոսի հիմքի բեկորներ, որոնք հարմարեցվել են Հայաստանի վրա յոթից-իններորդ դարերի արաբական արշավանքների, այսինքն՝ այդ նորագույն էպոսի ստեղծման ժամանակաշրջանին:

Հանրությանը տեղեկացնելու այս համառոտ հաղորդագրությանս մեջ առանց մանրամասնելու, թե որտեղից որքա՞ն շահեկան տեղեկություններ կարողացա քաղել Հայոց հնագույն էպոսը մասնակիորեն վերականգնելու համար /այդ բոլորն արտացոլված է «Հայոց հնագույն էպոսը՝ ԾՈՎԻՆԱՐ» գրքում, որ պատրաստ է հրատարակության և շուտով հրապարակ կիջնի/, ուզում եմ նախ ընթեցողի ուշադրությունը սևեռել Աստվածաշունչ Ս. Գրքի հենց սկզբին, սկզբնավորությանը, հետևողականորեն պահելով իմ խոստումը՝ առավելագույն հարազատությամբ հետամուտ լինել Ս. Գրքի պատմություններին:

«Ի սկզբանե Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը»:

Այս հաղորդումը պետք է ընդունել միանշանակ իր ընդհանրական իմաստով. Այսինքն որ՝ Աստված է ստեղծել երկինքն ու երկիրը, բայց ոչ հենց այդ աշխարհակերտումի ժամանակ, քանի որ հաջորդող շարադրանքի մեջ ասվում է, որ այնուամենայնիվ կար իրեն՝ Աստծո կողմից ստեղծված երկիրը, որ անձև ու դատարկ էր, ընկղմված էր անդունդ-անհատակ տարածության խավար ջրերում, և այդ ջրերի վրա շրջում էր այդ ժամանակ գոյություն ունեցող միակ Լույսը, որ Աստծո Աչքը, կամ Հոգին էր:

Սրա վերաբերյալ մեր մտքում ինքնաբերաբար և անմիջապես ծագող հարցը այն է, թե այդ ի՞նչ խավար ջրեր էին, որ ծածկել էին անջրպետը, և Աստծո Աչքը շրջելով դրանց վրա, արդյոք ի՞նչ էր որոնում:

Մտովի զուգահեռ անցկացնելով Աստվածաշնչի հաջորդ պատմություններից Նոյի ժամանակվա ջրհեղեղի և այս անջրպետը ծածկող խավար ջրերի ընդհանրական պատկերի միջև, չենք կարող չնկատել, որ սա ևս մեկ այլ ջրհեղեղի պատկեր է, որի մանրամասները և դրան նախորդող պատմությունը Աստվածաշունչը գրի առնողը, կամ գրի առնողները զանց են առել՝ հավանաբար ցանկանալով, կամ նպատակ ունենալով նոր աշխարհակերտումը ներկայացնել որպես ընդհանրապես աշխարհակերտման և երկրի վրա կենդանության արարման սկիզբ: Թեև չենք կարող այս հարցը մանրամասնել, թե՝ ինչու՞, բայց հո կարո՞ղ ենք ոչ առանց հիմքերի ենթադրել, թե որտեղի՞ց հայտնվեցին այսօր երկրի ամենատարբեր վայրերում ցրված հսկայազանգված կենդանիների ոսկրային մնացորդները և այն տիտանական կառույցները, որոնց տարիքը չափվում է հարյուր հազարավոր ու միլիոնավոր տարիներով:

Դրանց կապակցությամբ բազում վարկածներ են առաջ քաշվել պարբերաբար. այսինքն թե՝ հավանաբար եղել են մեկ, կամ մի քանի այլ քաղաքակրթություններ, որոնք կամ ինքնաոչնչացել են, կամ ոչնչացվել են այլմոլորակայինների կողմից /ի դեպ, օգտվելով համակարգչային տեխնիկայի առաջադիմությունից, աստղային պատերազմների թեման այսօր դարձել է արևմտյան կինոշուկայի ամենատարածված նյութերից մեկը/… և զանազան այլ վարկածներ, բայց երբեք չի շոշափվել կյանքի արարման Աստվածաշնչի հաղորդումից առաջ երկրի վրա մեկ այլ կյանքի եղած, գոյություն ունեցած լինելու գաղափարը:

Ամենայն հավանականությամբ, այդ կյանքը եղել է, բայց չի ընթացել այն ճանապարհով, որ նախանշել է Աստված: Դարձյալ ամենայն հավանականությամբ հարուցել է Տիրոջ ափսոսանքն ու զայրույթը, մանավանդ՝ զղջումը, որ նման կենդանություն է ստեղծել, և ինչպես Նոյի ջրհեղեղի ժամանակ, որոշել է իսպառ կենդանազերծել երկիրը, և դա արել է նույնպես ջրհեղեղի միջոցով: Աստված դա արել է բոլորովին այլ՝ մի ավելի ներդաշնակ կյանք արարելու համար, որովհետև դատելով այն մնացորդներից, որ հայտնաբերված են այսօր, երկիրը ծածկել են ահռելի չափերի, ֆիզիկական աներևակայելի ուժով օժտված քայլող, թռչող ու լողացող կենդանիներ: Դարձյալ հավանաբար այդպես է նրանց ստեղծել Աստված, որպեսզի կարողանան դիմագրավել բնության նույնպես շատ զորավոր տարերքներին: Եվ կամ այլ մի պատկերացումով՝ հնարավոր է, որ մուտացիայի են ենթարկվել, և Արարիչը զղջալով, որ ստեղծել է նրանց, որոշել է կենդանազերծել երկիրը: Եվ դա արել է ամենակարող ջրի միջոցով:

ՋՈՒՐԸ:

Եվ Տիրոջ կամքի բոլոր թելադրանքները հմտորեն կատարող, համայն ջրերի և ընդերքի տարերքները կառավարող աստվածուհի, նախաստեղծ ԾՈՎԻՆԱՐԸ : Ահա, այստեղ է ինչպես կյանքի, այնպես էլ հետագա մեր բոլոր դյուցազնական կերպարների սկիզբն ու աղբյուրը:

Մնացյալի մասին, ինչպես արդեն նշել ենք, պետք է կարդալ «Հայոց Հնագույն, Նախապատմական Էպոսը՝ ԾՈՎԻՆԱՐ» գրքում:
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ
10 հուլիսի, 2014թ.
Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորություն, Բեդֆորդ


 
 


© 2007-2017 Ռազմիկ Դավոյան
Բոլոր իրավունքները պաշտպանված են
Design by
City Design studio
2007